Չինական լապշա
14.02.2020 | 02:06
Ցուրտ ու մութ ձմեռ էր: Սովետական ռուբլին վերացել էր՝ իր հետ ի չիք դարձնելով էլեկտրականություն, ջեռուցում, հաց, տրանսպորտ, դասական դասակարգեր՝ բանվորություն, գյուղացիություն, մտավորականություն և հազար ու մի բան:
Սառցակալած բնակարաններում ապրում էին կանայք, որոնք մեկ ձեռքով էին լողանում. մի ձեռքով օճառվում էին, մյուսով կերոսինի վառարանի վրա տաքացրած ջուրը լցնում գլխներին: Ապրում էին ոջլագլուխ երեխաներ, որոնք հետագայում մեծանալու էին ու մի նոր հեղափոխություն հաջողացնելու: Ապրում էին անթրաշ ու գործազուրկ տղամարդիկ, որոնք մտազբաղ ելք էին որոնում մեկ ձեռքով լողացող կանանց ու ոջլագլուխ երեխաներին պահելու համար:
Հիմնադիրը` Առաջինն ու Միակը, կառավարության ղեկավարին հանձնարարել էր ժողովրդին բացատրել տնտեսական հեղափոխության էությունը, վարչապետն էլ, որպես աշխատանքային պարտականություն, խոսում էր ամեն օր ու ամեն ժամ: Խոսում էր տնտեսագիտական տերմիններով, որոնցից ոչ ոք ոչինչ չէր ըմբռնում, և հատկապես անհասկանելի էր «վաուչեր» տարօրինակ բառը, որպես հանրային սեփականության արդարացի բաշխման խորհրդանիշ:
Իշխանությունը մարդագլուխ տվեց 250-ական դրամ, դոլարի փոխարժեքը սահմանեց 14 դրամ ու բրախեց բախտի քմահաճույքին՝ Bee Happy: Անկախություն ձեռք բերած խեղճերի երջանկության ժամանակներ էին:
Այս ամենի մեջ ծլարձակեցին աչքաբաց, ճարպիկ մարդիկ՝ վայրի կապիտալիզմի առաջնեկները, բիզնեսմենները, որոնք փոխարինելու եկան դասական դասակարգերին:
Ռուբլու վերացման հետ, շատերի նման ես էլ կորցրի աշխատանքս ու տեղավորվեցի մի ժամանակավոր գործի: Դա նորաստեղծ մասնավոր հիմնարկ էր, որտեղ, ղեկավարների խմբակից բացի, մյուսներն աղոտ պատկերացում ունեին կամ պատկերացում իսպառ չունեին, թե ինչով են զբաղվում:
Բժիշկ եղբայրս զարմանալի մարդ էր: Լինելով կենսուրախ, կատակաբան ու լավատես, նա շուրջ հարյուր հոգու կնունքի ու հարսանիքի քավոր էր: Ով դիմում էր, չէր մերժում: Մի քանիսին ճանաչում էի, մյուսների գոյության մասին գաղափար չունեի: Ճանաչածներիցս մեկը Հրաչն էր:
Նրան պոլիտեխնիկի ավարտական նստարանից աշխատանքի էին տարել պետանվտանգության կոմիտե: Չգիտեմ ինչ սկզբունքով էին ընտրություն կատարել: Միգուցե այն պատճառով, որ ամբոխի մեջ ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնի, չէր մտապահի: Ցածրահասակ չէր, բայց միջինից ցածր էր և բացի այն, որ գեշ տղամարդ էր, խոսում էր ուրբաթից ուրբաթ, այն էլ՝ ցածրաձայն ու գլուխը կախ, իսկ դեմքի ոչ մի մկան չէր շարժվում:
Մի անգամ գեղեցկուհի կնոջ հետ կանգնել էր բարձրադիր հայելու առաջ, և կողակիցը նրան անվանել էր անճաշակ: Հրաչն էլ, սովորության համաձայն, գլուխը կախ քրթմնջացել էր. «Ե՞ս եմ անճաշակ, թե՞ դու: Տես ես ում հետ եմ ամուսնացել, դու՝ ում»:
Ռուբլու գոյության վերջին տարում լրացել էր նրա ծառայության 25 տարին, ու որոշել էր բարձր սպայական կոչումով թոշակի անցնել: Բայց պարզվեց, որ թոշակով տուն-տեղ պահել հնարավոր չէ, ու մտադրվել էր բիզնեսով զբաղվել: Հաշվի չէր առել մի էական հանգամանք՝ բիզնես անելու համար հարկ էր ունենալ բնավորության այլ հատկանիշներ և ընկեր-ծանոթների լայն շրջանակ, մի բան, ինչից զուրկ էր, որովհետև տարիների նրա աշխատանքային յուրահատկությունը նախասահմանել էր մարդկային նեղ շփում: Արդյունքում՝ ինչի ձեռք մեկնեց, անհաջողության մատնվեց:
Մեր հիմնարկում կար թուխ մաշկով, մելամաղձոտ հայացքով ու Գառնիկ անունով երիտասարդ: Մի օր իրարանցում սկսվեց՝ Գռնոն նվերներ է բաժանում: Ի՞նչ նվեր: Պարզվեց՝ գնացել էր Ռուսաստանի հարավ և այնտեղից բերել մի վագոն չինական լապշա: Մի ամբո՜ղջ վագոն: Բնականաբար, այդ քանակը պիտի իրացներ՝ խանութներին, կրպակներին ու դախիլներին ցրելով, և որպես գովազդային ակցիա՝ լապշայի նմուշները բաժանում էր հիմնարկի աշխատողներին:
Երկու հատ էլ ինձ տվեց ու բացատրեց օգտագործելու ձևը: Այդ մամլած, չորացրած, համեմունքներով 100-գրամանոց բրիկետը պիտի լցնեի եռման ջրի մեջ, խառնեի, ու ճաշը պատրաստ էր: Գռնոն հաղթականորեն հայտնեց նաև, որ մանրածախ գինը 30 դրամ է, իսկ ինքը, որպես մեծածախ առևտրական, տալիս է հատը 25 դրամով:
Հենց գնաց՝ մեկը փորձեցի: Միգուցե չինացու համար համեղ էր, բայց ինձ համար ուտելու բան չէր:
Չգիտեմ ինչու, մտքիս եկավ Հրաչը, ու որոշեցի նրան օգնել: Զանգահարեցի, թե՝ էսպես ու էսպես, չինական լապշայի բրիկետ կա, մեծածախ գինը` 25 դրամ, արի խոսիր բերողի հետ, դու էլ նրա պես ցրիր, հատի մեջ 5 դրամ օգուտ կանես:
Հրաչին հետաքրքրեց, Գռնոյի հետ խոսեցի:
Պայմանավորված օրն ու ժամին Հրաչը եկավ: Եկավ նաև Գռնոն: Երեքով նստեցինք իմ սենյակում, ծանոթացրի մեկմեկու և գույնզգույն փաթեթավորմամբ իմ մի նվեր-բրիկետը դրեցի սեղանին:
-Լավ է, հետաքրքիր բան է,- քրթմնջաց Հրաչը,- և ի՞նչ արժե:
Դեմքը շողարձակելով, Գռնոն հպարտ-հպարտ ասաց.
-Հատը 25 դրամ:
-Բարի: Հիմա ասա ինձ, բարեկամ, չե՞ս համաձայնի, արդյոք, դա ինձ վաճառել 23 դրամով:
ՈՒշադրություն չդարձնելով Հրաչի գրական հայերենին ու նախադասության կառուցվածքին, Գռնոն պատասխանեց.
-Չէ, գինը 25 դրամ է:
Ինձ, որպես բանակցությունների կազմակերպչի ու բիզնես-գործարքի «միջնորդի», պարզ դարձավ ահա թե ինչ: Հրաչը, որ դախիլ անգամ չուներ, լապշան պիտի ցրեր խանութներով ու կրպակներով և ցանկանում էր հատի մեջ գոնե 2 դրամ վաստակել. էլի փող էր: Իսկ Գռնոն, որ մի վագոն լապշայի փողը հավանաբար տոկոսով էր փոխ առել, չարչարվել, Ռուսաստանից գնացել-բերել էր, պիտի ի՛ր օգուտը ունենար:
Սկսվեց անպտուղ ու անհեռանկար սակարկություն: Հրաչը համառորեն՝ 23, Գռնոն անզիջում՝ 25: Երբ երկուսի և ինձ համար պարզ դարձավ, որ գործարքը չի կայանալու, Հրաչը հանկարծ գլուխը կախած դիրքից բարձրացրեց, նայեց Գռնոյի աչքերի մեջ և ձիու քայլ կատարեց.
-Անունդ Գառնիկ է, չէ՞, ազգանունդ՝ Հովհաննիսյա՞ն:
Գռնոն նստած տեղում շտկվեց: Ես՝ նույնպես, որովհետև չգիտեի Գռնոյի ազգանունը:
-Հա՜,- ծորացրեց Գառնիկ Հովհաննիսյանը:
Հրաչը ձայնին պետանվտանգության աշխատակցի մետաղական երանգ հաղորդեց.
-Դու պատերին թռուցիկ էիր կպցնում, չէ՞:
Գռնոն այլայլվեց.
-Հա՜…
Հրաչը անողոքաբար շարունակեց, առանց գրական հայերենի.
-Մենք քո մասին վաղուց գիտեինք, հետևում էինք, բայց ձեռք չէինք տալիս, որովհետև անչափահաս էիր: Սպասեցինք տասնութդ լրանա ու ծննդյանդ օրը, 1-ին մասից դեպի 3-րդ մաս գնացող տրամվայի կռուգում, երբ իջար, ձերբակալեցինք: Ե՛ս էի ձերբակալողը, հիշու՞մ ես:
Գռնոյի դեմքին ատելության նշաններ երևացին:
-Քեզ չե՛մ հիշում, բայց ճիշտ է։
Հրաչը որոշեց վերջնականապես «սպանել».
-Ախպեր ջան, հո ինձնից չե՞ս նեղանում, դու քո գործն էիր անում, ես՝ իմը: Ինչքա՞ն նստեցիր, մի տարի՞:
-Հա՛,- ակնհայտ չարությամբ պատասխանեց Գռնոն:
Եվ այստեղ Հրաչը «հանճարեղ» միտք արտահայտեց՝ անցնելով գրական հայերենի.
-Դե, բարեկամս, հաշվի առնելով մեր վաղեմի ջերմ հարաբերությունները, լապշայի հատը 23 դրամով չե՞ս տա:
Միայն լսեցի Գռնոյի վճռական «չէ, ոչ մի լումա չեմ իջնի» ու ծիծաղս հազիվ զսպելով՝ սենյակից դուրս թռա:
Մինչ ես միջանցքում խեղդվելով ծածուկ քրքջում էի, ներսում շարունակվում էր սակարկությունը՝ 23, չէ՛ 25:
Ի վերջո, սենյակից դուրս եկան: Գռնոն արհամարհանքով նայեց ինձ, որովհետև ակամա իմացել էի իր գաղտնիքը, ու հեռացավ:
Հրաչը սովորականի նման հանդարտ էր:
-Չհամաձայնեց,- քրթմնջաց քթի տակ:
Նրա ձեռքին իմ չինական լապշան էր:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ